Այսօր՝ օգոստոսի 9-ին, ուժի մեջ է մտել օրենքը, որով Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում բարձրացվում է տուգանքների չափը ապօրինի ներգաղթյալների համար: Խստացվում են նաեւ այդ օտարերկրացիներին Ռուսաստանի տարածքից արտաքսելու կանոնները:

Եթե օտարերկրացիները նշված քաղաքներում ու մարզերում խախտել են Ռուսաստանում գտնվելու կամ միգրացիոն գրանցման կանոնները, նրանք կտուգանվեն 5-7 հազար ռուբլի եւ կարտաքսվեն երկրից: Նման խախտումների համար մինչ այդ ՌԴ այլ տարածքներում տուգանում էին 2-5 հազար ռուբլով:

Նոր օրենքով, Ռուսաստանում գտնվելու կամ միգրացիոն գրանցման կանոնները խախտողները պարտադիր պետք է արտաքսվեն: Եթե զբոսաշրջության վիզայով երկիր մտած օտարերկրացին աշխատի, սկզբում նրան կտուգանեն, իսկ խախտումը կրկնվելու դեպքում՝ կարտաքսեն երկրից:

Առանց իրավունքի Մոսկվայում, Պետերբուրգում, Մոսկվայի եւ Լենինգրադի մարզերում աշխատելու համար տուգանքը կազմում է 5-7 հազար ռուբլի: Խախտումը կրկնվելու դեպքում՝, օտարերկրացին պարտադիր կարտաքսվի, հաղորդում է BFM.RU-ն:

Այդ տարածաշրջաններում ներգաղթյալների գործատուները ավելի մեծ տուգանքներ կվճարեն, քան ՌԴ այլ տարածքներում: Մասնավորապես, պաշտոնյաների համար դա կկազմի 50-75 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 800 հազարից 1,5 մլն ռուբլի, կամ գործունեության դադարեցում 14-90 օրով: