Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում դպրոցներում, կրթական հաստատությունների շրջանում աշակերտների կողմից կատարվող խախտումների քանակը նվազել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Եթե նախորդ տարի վեց ամիսներին արձանագրվել էր նմանատիպ 26 դեպք, ապա այս տարվա վեց ամիսներին դրանք 11-ն են։ Նելլի Դուրյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների աճ։ Մասնավորապես, եթե նախորդ տարի առաջին յոթ ամիսներին արձանագրվել էր 207 դեպք, ապա նախորդ տարի՝ 220 դեպք։ Նելլի Դուրյանը շեշտեց, որ թեեւ դեպքերի քանակով աճ կա, սակայն հանցագործությունների մեջ ներգրավված անձանց քանակի առումով նկատվում է նվազում, ինչը կարեւոր ցուցանիշ է։ Օրինակ՝ նախորդ տարի հանցագործություններում ներգրավված անչափահասների քանակը կազմել է 184, իսկ այս տարվա վեց ամիսներին՝ 180։
Նրա խոսքով՝ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների մեջ հիմնական մասը գողություններն են, դրան հաջորդում են մարմնական վնասվածքները։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի նվազել են անչափահասների կողմից կատարվող ծանր հանցագործությունների թիվը։ Նելլի Դուրյանի տեղեկություններով՝ կալանավայրերում ծանր հանցագործությունների համար պատիժ են կրում 15 անչափահաս։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























