Ոստիկանությունում հաշվառված է հինգ անչափահաս, որոնք մուրացկանությամբ են զբաղվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Նա շեշտեց, որ մուրացկանության խնդիրը ոտսիկանության ուշադրության կենտրոնում է եղել բոլոր ժամանակներում, բազմաթիվ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ, օրինակ՝ անչափահաս մուրացկաններ հայտնաբերելիս վերականգնողական աշխատանքներ են իրականցնում։ Այս տարվա առաջին յոթ ամիսներին հայտնաբերվել է ծնողի, ազգականի դրդմամբ անչափահասների կողմից մուրացկանությամբ զբաղվելու չորս դեպք, հարուցվել են քրեական գործեր։

Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ լրատվամիջոցների ահազանգների հետքերով ոստիկանությունը ուսումնասիրություններ է կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում, եւ արվամոլության դեպքեր չեն հայտնաբերվել։

Վարչության պետը անդրադարձավ նաեւ Երեւանի փողոցներում երեխայի հետ մուրացկանություն անող կնոջ դեպքին։ Նելի Դուրյանն ասաց, որ ոստիկանությունը ամեն ինչ անում է, որ այդ կնոջը կտրի փողոցից։  «Նա Ստեփանավանում տուն ունի, հիմնականում նման դեպքերում բոլորը շրջաններից են, ունեն տուն, բնակավայր, բայց գերադասում են այս ձեւով գումար վաստակելը»,- ասաց Նելլի Դուրյանը՝ շեշտելով, որ համագործակցում են մարզպետարանների հետ, նրանց աշխատանք են առաջարկում, սակայն չեն ցանկանում աշխատել, գերադասում են այդ ձեւով գումար վաստակել։

Նա շեշտեց, որ սոցիալական գործոնը պատճառ չէ մուրացկանությամբ զբաղվելու կամ գողություն անելու, ավելի վատ վիճակում ապրող երեխաներ կան, ովքեր մուրացկանությամբ չեն զբաղվում, «միգուցե այդպես ավելի շատ են վաստակում, քան իր քրտինքով աշխատանքի դեպքում»։

Նելլի Դուրյանը շեշտեց, որ ոստիկանությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում անչափահասների շրջանում, որոնք երբեւիցե չեն եղել, օրինակ՝ այցեր մանկատներ, դպրոցներ, ճամբարներ, երբ ոստիկանները այցելում են սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների, նրանց տանում հանգստի գոտիներ, ինչպես նաեւ ավագ դպրոցներում ներդրվել է տեսուչ ծրագիրը եւ ոստիկաններ են կցվել դպրոցներին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am