Հայաստանում 2013 թվականի առաջին կիսամյակին արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աճ 924-ով կամ 12,2 %-ով` կազմելով 8494 դեպք: Այդ մասին գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Նրա խոսքով, 73 դեպքով կամ 3,7%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (2034-1961), որոնք կազմում են երկրում արձանագրված հանցագործությունների դեպքերի 23,9%-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 25,9-ի դիմաց:

9-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու (82-93), 16-ով` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս հասցնելու /442-458/, 92-ով ծեծի (944-1036), աճել է նաեւ խոշտանգման /2-3/, մոր կողմից նորածին երեխայի սպանության /1-4/, առեւանգման /14-22/, ազատությունից ապօրինի զրկելու /1-4/, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի /58-65/, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու /32-38/, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու /7-17/ դեպքերը:

Մնացական Սարգսյանը նշել է, թե 7-ով նվազում է արձանագրվել սպանության /28-21/, 1-ով` սպանության փորձերի (17-16), 35-ով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու /160-125/, 5-ով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու /12-7/, 7-ով` թրաֆիքինգի /15-8/ դեպքով:

«Մարդու դեմ ուղղված հանցագործությունների ցուցանիշում մեծ տեսակարար կշիռ ունեցող ծեծի /ՀՀ քր. օր, 118հ./ դեպքերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 92-ով կամ 8.7 %-ով /944-1036/: Նշված հանցատեսակի դեպքերը մարդու դեմ ուղղված հանցագործությունների ցուցանիշներում, ըստ էության, ապահովել են հանրապետությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճը:

2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրված 1036 ծեծի դեպքերը կազմել են նույն ժամանակահատվածում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների 50.9%-ը /նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 48.1 %-ի դիմաց/, առողջությանը թեթեւ վնաս հասցնելու 458 դեպքերը` 22.5%-ը /նախորդ տարի 22.5%-ը/: Այսինքն` այս երկու հանցատեսակների դեպքերը միասին կազմել են մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունների 73.4%-ը /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել են 70.6 %-ը/»,- արձանագրել է դատախազի տեղակալը:

Հաշվետու ժամանակահատվածում 11.8% աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու /82-93/ դեպքերը: 2013թ. արձանագրված 93 դեպքից չի բացահայտվել 14-ը, բացահայտումը կազմել է 87%:

Արձանագրվել է թրաֆիքինգի դեպքերի նվազում, որը առաջին հայացքից կարող է մտահոգիչ թվալ, հաշվի առնելով այս հանցատեսակի լատենտային բնույթը: Սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ նվազումը ունի օբյեկտիվ պատճառներ: Նախ, մեր երկրում քննարկվող խնդրով զբաղվող շահագրգիռ հասարակական, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հանրապետությունում էապես նվազել է թրաֆիքինգի ռիսկայնությունը: Դա պայմանավորված է երեւույթի մասին բնակչության` հատկապես խոցելի խմբերի իրազեկության բարձրացմամբ, ինչպես նաեւ թրաֆիքինգ իրականացնողների խիստ պատիժների ապահովմամբ ընդհանուր կանխիչ մթնոլորտի ձեւավորմամբ:

Այս կիսամյակում հարուցվել է 7 քրեական գործ, նախորդ տարվա 8-ի փոխարեն:

Հանցագործությունների ընդհանուր աճի պայմաններում դրական տեղաշարժ է արձանագրվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքներում: 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում նշված բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 96.3%` նախորդ տարվա 95 %-ի դիմաց:

Բացահայտման ցուցանիշներում դրական միտումներ են արձանագրվել սպանությունների /67.9-81 %/, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու (81.7%-84.9%), թրաֆիքինգի /93.3%-100%/ դեպքերով: Նվազել են սպանությունների փորձերով /94.1%-96.6%/, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով(98.3%-96.6)բացահայտման ցուցանիշները,- ամփոփել է Մնացական Սարգսյանը: