Արեւմուտքում Սիրիայի հարցում դիրքորոշման նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել. եթե նախկինում բացառվում էր նախագահ Բաշար Ասադի պաշտոնում մնալը, ապա այժմ իրավիճակն այլ է։ Այս մասին օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը, հավելելով, որ միասնական Արեւմուտք այժմ գոյություն չունի։
Նրա խոսքով՝ կողմերից եւ ոչ մեկը այժմ կասկածի տակ չի դնում Ասադի ներկայացուցիչների մասնակցությունը Ժնեւում կայանալիք միջազգային կոնֆերանսին։ «Երկու կողմն էլ՝ թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը, հասկանում են, որ Ասադը պետք է մասնակցի կոնֆերանսին։ Գլխավոր հարցը, որի շուրջ կողմերը համաձայնության չեն եկել, այն է եղել, թե Ասադից բացի, որ ուժերը եւս կարող են մասնակցել կոնֆերանսին»,-ընդգծել է Սուրեն Մանուկյանը։ Նա նշել է, որ այդ ամենը նշանակում է, որ հակամարտության գոնե այս փուլում սիրիացի նախագահի պաշտոնից հեռանալու հարցն օրակարգից հանված է։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա փորձագետի համոզմամբ, այս դեպքում խոսքն, ամենայն հավանականությամբ, Սիրիան թուլացնելու մասին է, այլ ոչ թե՝ ոչնչացնելու։ «ԱՄՆ դիրքորոշումը շատ անհասկանալի է։ Այս մասին վկայում է նաեւ Մեծ ությանկի հայտարարությունը, որում գերտերությունները սիրիական ուժերին կոչ են արել պայքարել իսլամիստական ծայրահեղականների դեմ, իսկ Ասադի հրաժարականի մասին կետ չկա»,-ընդգծել է Սուրեն Մանուկյանը՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ հիմնական նպատակը երկարաձիգ պատերազմն ու Մերձավոր Արեւելքում անորոշությունը շարունակելն է։





























