Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի թեման հասել է զառանցանքի աստիճանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ արձագանքելով բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոր այն մեղադրանքին, թե բանդայի իրական պարագլուխը Ալիկ Սարգսյանն է:
«Ծնողներն ուղղակի մոլորության մեջ են կամ որոշում են ինչ-որ կերպ խուսանավել, սուզանավել կամ չգիտեմ ինչ լինեն: Ես կապ չունեմ դրա հետ: Ժամանակին այդ գործը բացահայտել է ոստիկանությունը, քրեական գործ է հարուցվել եւ ընթացք է ստացել: Իմ օրոք հազարավոր գործեր են հարուցվել, ես ի՞նչ կապ ունեմ, որ իմ անունն են շոշափում: Ես անգամ այդ գործի մանրամասները չեմ հիշում»,- նշեց Ալիկ Սարգսյանը եւ ավելացրեց, որ հակառակ դեպքում ստացվում է, որ ինքը ամեն հիմարության պետք է պատասխանի, ինչն իր համար վիրավորական է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» գործով 16 ձերբակալվածներից 10-ին ազատ են արձակել: Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էր ենթարկվել 16 անձ:
Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը, ավելի ուշ կալանավորվել էին:
Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:





























