Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ով երեկ եկել էր Վերաքննիչ դատարան՝ աջակցելու ՀԱԿ ակտիվիստներին, կարծում է, որ ՀԱԿ ակտիվիստների համար լավ որոշում կկայացվի: Նա վստահեցրել է, որ դատարանի վճիռը կլինի միայն քաղաքական որոշում: «Ինչ են որոշել վերեւներում, ես չեմ կարող ասել: Դատարանը Հայաստանում անկախ չի ու իր որոշումը չի կայացնելու անկախ: Իրենց վերեւից կասեն, թե ինչ պիտի արվի, եւ կանեն: Դատավորին արդեն ինչ-որ բան ասել են: Եւ եթե Վճռաբեկն ուղարկել է գործը Վերաքննիչ, ուրեմն ինչ-որ բան այնտեղ որոշված է: Իմ կարծիքով՝ տղաների համար լավ որոշում կկայացվի»,-ասել է իրավապաշտպանը:
Միքայել Դանիելյանը գտնում է, որ շատ հանգիստ տղաներին կարելի է բաց թողնել. «Ավելի շատ պետք էր մեղադրել ոստիկաններին, որ իրենց պահվածքով խախտել են, եթե չասենք օրենքը, ապա ներքին կանոնակարգը»:
Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չընդունվեց դատարանի կողմից, դրանից չի՞ կարելի եզրակացնել, որ տրամադրվածությունը լավ չէ՝ Միքայել Դանիելյանը պատասխանեց. «Դա ոչ մի բան չի ասում: Հայաստանի դատարաններին հետեւում եմ 95թ.-ից եւ շատ լավ գիտեմ, որ Հայաստանի դատարաններից սպասել ինչ-որ նորմալ որոշում՝ չկա: Դատարաններն ընդհանրապես Հայաստանում անհասկանալի են իրենց գործողությամբ»:





























