Հայաստանը հակված չէ ազգային ավիափոխադրողի գաղափարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կառավարությանը կից քաղավիացայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը՝ մեկնաբանելով ոլորտում տիրող իրավիճակը:
Վարչությունն առայժմ մրցույթ չի հայտարարել այն ուղղությունների համար, որոնք «Արմավիայի»՝ ոլորտից հեռանալուց հետո, մնացել են թափուր:
Նրա խոսքով՝ մրցույթներ կհայտարարվեն միայն այն բանից հետո, երբ միջազգային «McKinsey Interтational» քոնսալթինգային ընկերությունը կավարտի վերլուծել արդյունքները եւ դրանք կներկայացնի Հայաստանի կառավարությանը: Այդ աշխատանքների ավարտի ժամկետների մասին առայժմ չի հաղորդվում: Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է հուլիսին:
«Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ազգային ավիափոխադրողի գաղափարը անպայման չէ, որ կընդունվի: Նման որակավորում չկար նաեւ «Արմավիայի» պարագայում, այդ պիտակը լրատվամիջոցներն էին կիրառում»,-ասել է նա: «Ամենայն հավանականությամբ, տարբեր ուղղություններով մրցույթներ կհայտարարվեն: Ով հաղթի, նա էլ կթռչի»,-եզրափակել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ քոնսալթինգային ընկերությունը առաջարկներ կնախապատրաստի Հայաստանի քաղավիացիայի շուկան ազատականացնելու ուղղությամբ: Հնարավոր է, որ «Արմավիայից» հետո թափուր ուղղություններով չվերթներ կարող են իրականացնել մինչեւ 3 հայկական ավիաընկերություններ: Առայժմ հետաքրքրություն է հայտնել միայն «Էյր Արմենիան», որը զբաղվում է օդային բեռնափոխադրումներով:




























