Արմավիրի մարզում գտնվող Օշականի հուշահամալիրում, օգոստոսի 17-ին կնշվի թվով 10 անգամ գերազանցող պարսից բանակից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար մղվող Օշականի ճակատամարտում (1826-1827թթ. ռուս-պարսկական պատերազմ) գեներալ Կրասովսկիի ջոկատի եւ հայ աշխարհազորայինների հաղթանակի 186-ամյակը:
Այդ ակցիայի շրջանակներում «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ կդրվեն պսակներ եւ ծաղիկներ, եւ կմատուցվի զոհված զինվորների հոգեհանգստի պատարագ:
Օշականի հերոսներին զինվորական պատիվներ կմատուցի Հայաստանի Զինված ուժերի եւ Արմավիրի սահմանապահ ջոկատի Պատվո պահակախմբի վաշտը:
Նույն օրը Էջմիածին քաղաքի հրապարակում` քաղաքապետարանի հարեւանությամբ, կկայանա մեծ տոնական համերգ:
Ակցիային կմասնակցեն Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսենի Գրիգորյանցը:





























