Գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւին այցելությունները պարբերական բնույթ են կրում, NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունից։
Միաժամանակ, պատվիրակությունում նշել են, որ Ֆարաջեւի՝ տուն վերադառնալու ցանկության մասին հայտարարությունից հետո ԿԽՄԿ-ի պատվիրակները նրան չեն այցելել։
Օգոստոսի 15-ին Հայաստանի ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակ Դրագան Ռանկովիչի հետ հանդիպման ընթացքում փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչին տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը փոշմանել է եւ Ադրբեջան վերադառնալու ցանկություն հայտնել։
Բացի այդ, Ֆիրուզ Ֆարաջեւը ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում էր խնդրել։ ՀՀ պաշտպանության փոխնախարարը միջազգային չեզոք կազմակերպություններին, մասնավորապես՝ ԿԽՄԿ-ին, հրավիրել է Ֆարաջեւին այցելելու։
2012թ. հուլիսի լույս 26-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ հյուսիսարեւելյան շփման գծում Ադրբեջանի բանակի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի սահմանը եւ հանձնվել; Մինչեւ վերջերս գերին հրաժարվում էր հայրենիք վերադառնալուց։





























