Լեռնային Ղարաբաղի շուրջ ուժերի նոր, իրական դասավորությունը տեսանելի չէ: Այդ հարցի շուրջ վերջին հայտարարությունները նոր արդյունքների չեն հանգեցրել: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը՝ անդրադառնալով Պուտինի՝ Բաքու կատարած այցին, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայտարարություններին:
Նրա խոսքով՝ կարելի է վստահորեն նշել, որ հարցի խաղաղ կարգավորմանը կողմ են ամբողջ աշխարհում: «Ընդհանուր առմամբ, այդ երեւույթները կարելի է դիվանագիտական էթիկա կոչել: Այն արտահայտում է հակամարտության կարգավորմանը հետեւող քաղաքական շերտերի տրամադրվածությունը»,-ընդգծել է Ալեքսանդր Կարավաեւը: Նա նշել է, որ թուրք նախագահի հայտարարությունները շարունակում է երրորդ երկրների քաղաքական վերնախավի նախանշած ուղին, որոնք հակված են տեսնելու հակամարտության լուծման միայն քաղաքական սցենար:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ ԼՂՀ-ի շուրջ լարվածության աճը չի բխում Թուրքիայի շահերից: Ինչ վերաբերում է հարցի շուտափույթ կարգավորմանը, ինչի մասին Աբդուլլահ Գյուլը նշել էր իր հայտարարությունում, Ալեքսանդր Կարավաեւը ասել է. «Ոմանք կարող են դրանում ռազմական սցենարի թեզեր տեսնել, բայց ես անձամբ խաղաղ հռետորություն եմ տեսնում: Բարձրաձայն արտահայտելով սեփական կարծիքը, Անկարան փորձում է ակնարկել Երեւանին զիջումների գնալու անհրաժեշտության մասին»:
Հիշեցնենք, որ հանդես գալով Գաբալայում՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովում, Գյուլը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի կարճ ժամկետներում»: «Մենք կաջակցենք այդ խնդրի խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ընդգծել էր Թուրքիայի նախագահը:
Վլադիմիր Պուտինի հայտարարությունում էլ նշվում է ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:





























