«Ներկայացուցչություններ չունեցող ազգերի ու ժողովուրդների կազմակերպություն» ՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարինո Բուսդակին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետեւել միջազգային չափանիշներին եւ ազատ արձակել լեզգին փոքրամասնությունների ներկայացուցիչ բանտարկյալներին, որոնք վերջերս կալանավորվել էին խիստ կասկածելի հանգամանքներում: Այս մասին հաղորդում է «Ներկայացուցչություններ չունեցող ազգերի ու ժողովուրդների կազմակերպության» կայքը:
Լեզգին ժողովուրդը էթիկ խումբ է, որն ապրում է հիմնականում Դաղստանում եւ Ադրբեջանում՝ չունենալով իրավական կարգավիճակ, որը կապահովեր նրանց իրավունքները իրենց ավանդական բնակավայրերում, որպես պատմական հանրույթ եւ ազգություն:
Բոլոր երեք բանտարկյալները առնչություն ունեն «Լեզգինների ազգային մշակութային դաշնային ինքնավարության» կազմակերպության հետ, իսկ դա վկայում է, որ կալանավորումները Ադրբեջանում քաղաքական օրակարգի մի մասն են, որի նպատակը լեզգիների գործունեությունը խեղդելն է: Դա տեղի է ունենում Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների լույսի ներքո, որտեղ փաստացի Ալիեւի վերընտրությունը կանխորոշված է: Ալիեւների ընտանիքը Ադրբեջանում իշխում է 1960-ական թվականներից:
«Ներկայացուցչություններ չունեցող ազգերի ու ժողովուրդների կազմակերպություն» ՀԿ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լեզգիների կամայական կալանավորումները եւ ձերբակալությունները, քանի որ նման գործողությունները սպառնալիք են ստեղծում ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքների համար:




























