Ուկրաինան չի պատրաստվում, ի պատասխան ռուսական մաքսային ծառայությունների գործողությունների, սահմանափակել ռուսական ապրանքների մուտքը, հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Իգոր Պրասոլովը:
«Մենք չենք պատրաստվում սահմանափակել ռուսական ապրանքների մուտքը: Մենք ցանկանում ենք պարզել մեր ապրանքների հետ կապված ինչ խնդիրներ են ծագել», -օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Պրասոլովը:
Նախարարի խոսքով՝ օգոստոսի 19-ին Ուկրաինան կորոշի, թե արդյոք կարիք կա՞ դիմելու ԱՀԿ՝ դեպի Ռուսաստան իրենց արտադրանքի արտահանման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ: Ըստ նախարարի, նման դիմումը տեսականորեն կարող է հանդիսանալ այն միջոցառումներից մեկը, որոնք մշակվում են Ուկրաինայի վարչապետի հրահանգով, հաղորդում է «Սվոդկա նեզավիսիմիխ նովոստեյ»-ը:
Միաժամանակ, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում (ԴՄԾ) «Փրայմ»-ին հաղորդել են, որ նախատեսվում է ռուս-ուկրաինական սահմանին երկաթուղային բեռնափոխադրումները օրվա վերջում կարգավորել: Ծառայությունում պարզաբանել են, որ «փոփոխության են ենթարկվել ոչ միայն ավտոտրանսպորտի, այլ նաեւ երկաթուղու միջոցով տեղափոխվող բեռների տեղափոխման ռիսկային եղանակները, ինչը բավական լուրջ բարդությունների է հանգեցրել»:
Ավելի վաղ այսօր «Ռուսական երկաթուղի» ընկերությունում «Փրայմին» հայտնել էին, որ ռուս-ուկրաինական սահմանային կետերում կանգնած են բեռնավորված ավելի քան 900 ուկրաինական վագոններ, որոնք պետք է մաքսային ձեւակերպումներ անցեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Գործատուների ֆեդերացիան հայտարարել էր, որ ռուսական Դաշնային մաքսային ծառայությունը իսկապես հուլիսի 14-ին արգելափակել է Ուկրաինայից ներմուծվող ապրանքների մուտքը: Ուկրաինական բոլոր ներկրողները մաքսային ծառայության կողմից ճանաչվել են «ռիսկային» եւ ներառվել են համապատասխան ցուցակում:
Օգոստոսի 15-ին ՌԴ Կառավարությունում հայտնել են, որ Ուկրաինայից ապրանքների ներմուծումը կարգավորող որոշումներ չեն ընդունվել, եւ որ դա մաքսային օրգանների իրավասությունների շրջանակում է:
Կիեւում բեռնափոխադրումների հետաձգումը մեկնաբանել են որպես ճնշում, որը կստիպի Ուկրաինային հրաժարվել ԵՄ-ի հետ ինտեգրումից եւ Մաքսային Միություն: Երկրում հնչել են ռուսական ապրանքները բոյկոտելու կոչեր: Միաժամանակ, ուկրաինացի կոմունիստները ցանկանում են հանրաքվե անցկացնել՝ Մաքսային Միություն մտնելու համար:



























