Միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին լքել է Իսրայելի տարածքը: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է նրա փաստաբան Դիանա Թաթոսովան:

Փաստաբանն ընդգծել է, որ Պոլոնսկին հարկադրված էր այդպես վարվել, քանզի «ստեղծվել էր նրա անվտանգությանը սպառնացող իրավիճակ»: Փաստաբանի խոսքով, երկրից նրա պաշտպանյալի հեռանալը կապված չէ որեւէ դատական գործի, կամ Իսրայելի տարածքում ապրելու եւ աշխատելու իրավունք տվող փաստաթղթեր ստանալու գործընթացի հետ: Թաթոսովան չի հայտնել նաեւ, թե ուր է նախապատրաստվում մեկնել գործարաը, նշելով, որ դա եւս կապված  է նրա անձնական անվտանգության հարցերի հետ, հայտնում է «Kasparov.ru»-ն:

Ավելի վաղ ստացվել էր ոչ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ իսրայելական իշխանությունները, թերեւս, պատրաստ էին ռուսական կողմի համապատասխան դիմումի դեպքում հանձնել գործարարին:

ՌԻԱ Նովոստիին հաջողվել է բացահայտել փախուստի մեջ գտնվող գործարարի գտնվելու վայրը: Սերգեյ Պոլոնսկին ժամանել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ եւ ուղեւորվում է Կամբոջա, Սիանուկվիլից հայտնել է նրա կամբոջացի փաստաբանը: Պոլոնսկին պատրաստվում է վերադառնալ իրեն պատկանող կամբոջական կղզի: