Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը երեկ` օգոստոսի 16-ին, ահազանգը ստանալուն պես մեկնել է Ներքին Շենգավիթ 11 փողոց, որտեղ երիտասարդը ժամից ավել մնացել էր հողի տակ եւ հիվանդանոցում մահացել է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշեց, որ ապօրինություն է եղել, որը ժամանակին կանխել են, սակայն նորից շարունակվել է:

«Ցանկացել են կոյուղագիծ քաշել, երկու օր առաջ կանխվել է, վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել, նորից երեկ ահազանգ ենք ստացել, որ սկսել են փորել, մինչ մեր աշխատակիցները գնացել են, արդեն դեպքը եղել էր: Այդտեղ կոյուղագիծ անցկացնելու համար թույլտվություն, ջրմուղի մասնագիտական մոտեցումն է պետք, իրենք դա չունեին»,- նշեց թաղապետը:

Արմեն Սարգսյանն ասաց նաեւ, որ այդտեղ կոյուղագիծ էր անցկացնում ոչ թե ընկերություն, այլ անհատ, որոնցից մեկն էլ մահացողն է` 35-ամյա Սեդրակ Մանվելի Մամիկոնյանը: Իսկ թե ինչու էր նա ցանկանում կոյուղագիծ անցկացնել, ապա, թաղապետի փոխանցմամբ, այնտեղ ավտոտնակ ունի, երեւի ավտոլվացման կետի համար էր դա անում: Երիտասարդը փորձում էր դրսի հողը նորից ներս լցնել, սակայն մնացել էր տակը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ չի ճանաչում նրան, բայց ճանաչում է նրա ծնողներին, անապահով ընտանիք է, թաղապետարանը անպայման աջակցություն է ցուցաբերելու նրանց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում արտակարգ պատահար է գրանցվել: Շենգավիթ վարչական շրջանի 11-րդ փողոցում սողանքի հետեւանքով հսկայական փոս էր գոյացել, որտեղ երիտասարդ էր ընկել: Փոսի խորությունը  հասնում է 3 մետրի, իսկ երկարությունը՝ մոտ 20 մետրի:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ ի վերջո հողը քանդելով հայտնաբերել են փոսն ընկած երիտասարդին, որը հողի տակ է մնացել ժամից ավելի: Երիտասարդը ողջ է եղել եւ նրան անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացած երիտասարդը  35-ամյա Սեդրակ Մանվելի Մամիկոնյանն է: Դեպքից հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաեւ 21-ամյա Ժորա Սուրենի Մինասյանը, ով եւս մնացել էր հողի տակ: Նրա մոտ առկա էր վնասվածքներ: Հիվանդանոցից հայտնեցին, որ նա անհետաձգելի բուժօգնություն է ստացել եւ գնացել տուն: Երկու տուժողներն էլ Ներքին Շենգավիթի բնակիչներ են: