Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանինը այսօր` օգոստոսի 17-ին գիշերը դատապարտյալների հիվանդանոցից անգիտակից վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ Քյարամ Ամոյանի հարազատները:
Հարազատները փոխանցեցին, որ նա վերակենդանացման բաժանմունքում է եւ դեռ գիտակցության չի եկել: Օրեր առաջ նա գունատ է եղել եւ ինչպես միշտ դժգոհել է գլխի ցավից: Հարազատները նշեցին, որ դեռ պարզի չի, թե որն է եղել նրա վատանալու պատճառը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա:
Իսկ ՀՀ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիշերը 2.00-ի սահմաններում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո շտապօգնություն են կանչել եւ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել էր, ճնշումը կտրուկ բարձրացել էր, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված էր ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի: «Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին, տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանոցում էր պառկած»,- պատմել էր Քյարամ Ամոյանի մայրը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել:





























