Եգիպտոսում ծավալված իրադարձությունների հետեւանքով հայերը վախենում են մեկնել այնտեղ հանգստի, տուրիստական գործակալություններն էլ խուսափում են զբոսաշրջիկ ուղարկելուց:

NEWS.am-ի թղթակիցը զանգահարել է դեպի Եգիպտոս տուրեր իրականացնող ընկերություններ եւ փորձել ճշտել, թե քանի զբոսաշրջիկ ունեն Եգիպտոսում, ինչ վիճակում են նրանք:

Մեր զանգահարած մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններից վստահեցրին, որ որեւէ զբոսաշրջիկ չեն ուղարկել, նախ` մարդիկ են վախենում մեկնել, չեն դիմում եւ հետո` իրենք չեն ուղարկում, որպեսզի խուսափեն հնարավոր անախորժություններից:  

«Նավասարդ թրավելից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Եգիպտոս մեկնելու համար վերջերս դիմողներ չեն եղել, հիմնականում Անթալիա են գնում: «Վախենում են, զանգում հարցնում են, բացատրում ենք, որ այնտեղ խառն է վիճակը, ոչ մեկ չի ցանկանում գնալ, վտանգավոր է, մենք էլ խորհուրդ չենք տալիս գնալ, արդեն մեկ ամիս է` ոչ մեկ չի մեկնել»,- հայտնեցին տուրիստական գործակալությունից:

«Բոհեմա թրավելից» եւս հայտնեցին, որ Եգիպտոսում հանգստացող չունեն, վերջին երկու շաբաթվա ընթացքում մարդիկ, տեսնելով, թե այնտեղ ինչ է կատարվում, չեն դիմում:

«Ավա տուրից» NEWS.am-ին փոխանցեցին, որ վերջին զբոսաշրջիկները Եգիպտոսից վերադարձել են հուլիսի սկզբին, դրանից հետո իրենք այլեւս մարդ չե ուղարկել այնտեղ, քաղաքացիներն էլ, տեսնելով նորությունները, չեն դիմում, փոխարենը մեկնում են Վրաստան, Բուլղարիա:

«Travelling» ընկերության Եգիպտոս մեկնած վերջին զբոսաշրջիկները վերադարձել են հուլիսի կեսերին, դրանից հետո այլեւս ոչ ոքի չեն ուղարկել այնտեղ, փոխարենը մարդիկ մեկնում են հանգստի Անթալիա, Բուլղարիա, Կիպրոս:

Տուրիստական գործակալություններից նաեւ փաստեցին, որ Եգիպտոսում առկա անկայուն վիճակի հետեւանքով հանգստի գներն այնտեղ բավականին իջել են, քանի որ պահանջարկ չկա, օրինակ` ամենալավ պայմաններում հանգիստը 2 անձի համար սկսվում է 1500 դոլարից:

Նշենք նաեւ, որ այս պահի դրությամբ արտագնա տուրիզմի մասով ըստ երկրների հստակ վիճակագրություն չկա, հետեւաբար` դժվար է ասել, թե քանի հայ է մեկնել Եգիպտոս հանգստի: Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Եգիպտոսում ծավալված իրադարձությունների հետեւանքով իրենք զանգահարել են, դիմել են մեծաթիվ տուրիստական գործակալությունների եւ իրենց ունեցած տեղեկություններով ` այս պահի դրությամբ Եգիպտոսում Հայաստանից մեկնած զբոսաշրջիկ չկա:

Ի դեպ, դեռեւս հուլիսի սկզբին NEWS.am-ը նորից զանգահարել էր տուրիստական գործակալություններ` փորձելով ճշտել, թե հայ զբոսաշրջիկները մեկնում են այնտեղ, թե ոչ: Պարզվել էր, որ Եգիպտոսում ծավալված իրադարձությունները չեն ազդել հայ զբոսաշրջիկների վրա, նրանք դիմում են տուրիստական գործակալություններ` իրենց հանգիստն այնտեղ կազմակերպելու նպատակով: Մեզ հայտնել էին, որ Եգիպտոսի հանգստավայրերում հանդարտ, նորմալ վիճակ է, ոմանք այնտեղ  տուրիստներ ունեն, ոմանց տուրիստներն արդեն վերադարձել են: Իսկ Եգիպտոսի նկատմամբ հետաքրքրությունը, տուրգործակալությունների աշխատակիցների փոխանցմամբ, պայմանավորված է զուտ ֆինանսական գործոնով, քանի որ ինչպես նկատեց աշխատակիցներից մեկը «Քոբուլեթիի գին էր դարձել»: 

Հիշեցնենք, որ Եգիպտոսում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, գեներալները պաշտոնանկ են արել նախագահին եւ չեղյալ համարել Սահմանադրությունը: Այժմ այնտեղ բախումներ են ընթանում կառավարական ուժերի եւ իսլամիստների միջեւ, զոհվել է մի քանի հարյուր մարդ: