Հնդկաստանի իրավապահ մարմինները Նեպալի հետ սահմանի մոտ ձերբակալել են Սաիդ Աբդուլա Քարիմին, ով մեղադրվում է Հնդկաստանում ավելի քան 40 ահաբեկչությունների մեջ: Քարիմը «էքսպերտ-ռմբարկու» է, ով հիմնականում գտնվել է Պակիստանում գործող իսլամիստական «Լաշկար-ի-Թաիբա» ահաբեկչական խմբավորման մեջ:
«Տունդա» (հաշմանդամ, նա ռումբ պատրաստելու ժամանակ կորցրել էր ձեռքը) մականվամբ 70-ամյա Քարիմը ենթադրաբար, արտաքսվել էր Պարսից ծոցի երկրներից մեկից: Նեպալի սահմանին նրան ձերբակալել էր Դելիի ոստիկանությունը: «Տունդայի» ձերբակալության օրդերը կազմվել էր Ինտերպոլի կողմից դեռեւս 1996թ.-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սպասվում է, որ Քարիմի ձերբակալումը Հնդկատանում թույլ կտա բացահայտել «Լաշկար-ի-Թաիբա»-ն: Չնայած այն հանգամանքին, որ 1998թ.ից նա ուղղակիորեն չէր մասնակցում ահաբեկչությունների իրականացմանը, նա ուսուցանում էր ծայրահեղականներին, ֆինանսավորում էր նրանց ու կազմակերպում էր նրանց գործունեությունը:
«Լաշկար-ի- Թաիբա»-ն համարվում է Հարավային Ասիայում ամենավտանգավոր ու ամենախոշոր իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը: Նրա հիմնադիրը Հաֆիզ Սաիդն է, որին Հնդկաստանում համարում են 2008թ.ին Մումբայում 166 մարդու կյանք խլած ահաբեկչության հեղինակ, ով ազատորեն տեղաշարժվում էր Պակիստանի տարածքում:



























