Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին մեղադրել է ձեռքբերված պայմանավորվածությունները չկատարելու համար։ Թուրքմենստանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության զինված ջոկատները չեն կատարել իրենց խմբավորումները Թուրքիայից դուրս բերելու պայմանը։

«Միայն 2 տոկոսն է հեռացել, այն էլ՝ հիմնականում ծերերը, կանայք ու երեխաները։ Բացի այդ, մարտիկները չեն զինաթափվել։ Նրանց, ովքեր մտադիր են հարձակվել, մեր ուժայինները «բարի գալուստ» կասեն եւ կանեն այն, ինչը պարտավոր են», - Թուրքիայի վարչապետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Haberturk հեռուստաալիքը։

Հիշեցնենք, Թուրքիայից մարտիկներին հանելու որոշումն ընդունվել էր ապրիլի 25-ին՝ թուրքական իշխանությունների եւ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանակցությունների արդյունքում, որը ցմահ պատիժ է կրում Իմրալի կղզում։ Քրդական կուսակցության ղեկավարությունը բազմիցս  հայտարարել է, որ կատարում է ստանձնած պարտավորությունները, եւ թուրքական ղեկավարությանը մեղադրել քրդական հարցի խաղաղ լուծման ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար։