Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Վաքըֆլը (Վագըֆ) գյուղում հանդիսավորությամբ բացվել է հյուրատուն։

Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի միակ հայկական գյուղում հյուրատան բացման ժամանակ ելույթով հանդես է եկել Հաթայի նահանգապետ Ջելալեթին Լեքեսիզը՝  նշելով, թե երկրում ապրող ժողովուրդների մշակույթին տեր կանգնելը նշանակում է տեր կանգնել ապագային։  Թուրք պաշտոնյան ի խոսքում նաեւ շնորհավորել է հայերին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։

Նորաբաց երկհարկանի հյուրատունն ունի 5 համար, 1 խոհանոց եւ մեկ սրճարան։ Հյուրատան շինարարությունն արժեցել է 460 հազար լիրա (250 հազար դոլար)։

Հայկական գյուղի հյուրատան բացմանը բացի Հաթայի նահանգապետից, մասնակցել են Սամանդաղի քաղաքապետը, Սամանդաղի քայմաքամը, փոխքայմաքամը,  նահանգի ոստիկանապետը, նահանգի ժանդարմերիայի հրամանատարի տեղակալը եւ այլ պաշտոնյաներ։