Հրաչյա Հարությունյանի ավտոմեքենայի փորձաքննությունը դեռեւս չի ավարտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
«Ավտոմեքենայի փորձաքննություն է նշանակվել, այն շարունակվում է: Որքանով որ ինձ է հայտնի, այն դեռեւս չի ավարտվել: Համենայն դեպս, մենք արդյունքներին ծանոթ չենք»,-ընդգծել է փաստաբանը:
Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի նախկին փաստաբան Ալեքսանդ Մալցեւի բողոքներին՝ կապված պահակախմբի եւ բժիշկների գործողությունների հետ, ապա Ռուբեն Մարգարյանն ընդգծել է, որ դրանց պատասխանը եւս առայժմ չեն ստացել: Դրանց պատասխանը ստանալու դեպքում, անմիջապես կփոխանցվեն Մարգարյանին: Միեւնույն ժամանա, փաստաբանն ընդգծել է, որ մեղադրյալին կանացի խալաթով դատարանի առջեւ կանգնեցնելու միջադեպը խորը անտարբերության հետեւանք է: «Դատարանի դահլիճում կարգ ու կանոնի համար պատասխանատու են ոչ թե քննիչն ու բուժանձնակազմը, այլ դատավորը»,-հիշեցրել է Ռուբեն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի վարորդն էր Հրաչյա Հարությունյանը, բախվել է մարդատար ավտոբուսին՝ գրեթե երկու կես անելով այն: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:





























