Հրաչյա Հարությունյանի գործով հետաքննությունը շարունակում է պնդել, որ նրա հետ աշխատի «իրենց» թարգմանիչը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի աշխատանքներում թարգմանիչ ներառվի, սակայն միջնորդությունն առայժմ չի բավարարվել: Ի պատասխան՝ պաշտպանությունը բողոքարկել է այդ գործողությունները, սակայն դրա պատասխանը եւս առայժմ չկա: «Բնականաբար, շփվել կարողանում ենք, բայց բազմաթիվ տեխնիկական հարցեր թարգմանչի առկայություն են պահանջում»,-հաղորդել է փաստաբանը:
Նա նշել է, որ չկասկածելով հետաքննության կողմից առաջարկվող թարգմանչի մասնագիտական որակներին, իրեն ավելի հարմար կլիներ աշխատել այլ մասնագետի հետ: Փաստաբանը հիշեցրել է, որ Հարությունյանին ծառայություններ մատուցելու պատրաստակամ թարգմանիչը մտադիր է աշխատել հասարակական հիմքերի վրա, մինչդեռ հետաքննության կողմից առաջարկվող մասնագետը՝ ոչ:
Հիշեցնենք, որ մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի վարորդն էր Հրաչյա Հարությունյանը, բախվել է մարդատար ավտոբուսին՝ գրեթե երկու կես անելով այն: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:





























