Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը գիտակցության է եկել եւ մորը տեսնելով հարցրել, թե արդեն տա՞նն է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: Նա նաեւ նշեց, որ որդու գիտակցությունը գնում- գալիս է, իսկ մտերիմներից շատերին չի ճանաչում:

Հիշեցնենք, որ Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը օգոստոսի 17-ին գիշերը դատապարտյալների հիվանդանոցից անգիտակից վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:Ավելի ուշ պարզվել էր, որ ինսուլտ է տարել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ  նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա: Իսկ ՀՀ քրեակատարողական վարչության  մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո շտապօգնություն են կանչել եւ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել էր, ճնշումը կտրուկ բարձրացել էր, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված էր ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել: