Եթե այսօր թուրքական կողմը բարձրացրել է Հայաստան-Թուրքիա երկաթգծի վերանորոգման հարցը, ամենայն հավանականությամբ, նախագիծն ավարտին կհասցվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի նման նախաձեռնության նպատակին, նա նշել է. «Ես ցանականում եմ մտածել, որ վերջիվերջո կդրվի հայ-թուրքական սահմանի բացման հարցը, քանի որ քաղաքական շարժառիթներով պայմանավորված փակ սահմանը ցանկալի չէ ո՛չ Թուրքիայի, մասնավորապես նրա արեւելյան մարզերի, ո՛չ էլ Հայաստանի համար»: Վարդան Բոստանջյանի խոսքով, բոլոր դեպքերում պետական սահմանի բացումը ոչ միայն հեշտացնում է հաղորդակցությունը, այլ նաեւ նպաստում է տնտեսության ծաղկմանը, գործարքների կնքմանը եւ համագործակցության զարգացմանը: «Կարծում եմ, երկաթգծի վերանորոգման նախագիծը փոխշահավետ գործընթաց է, որի օգնությամբ հայ-թուրքական սահմանը չի կարող երկար ժամանակ փակված մնալ»,- եզրափակում է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի երկաթուղային ճանապարհների Էրզրումի մարզային բաժանմունքի ղեկավար Յունուս Էշլիյուրթի հաղորդագրության համաձայն, երկաթգծի վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսին եւ արագորեն առաջ են ընթանում: Մինչեւ տարվա վերջ կավարտվեն երկաթգծի վերանորոգման աշխատանքները Կարսից Աքյաքա, այսինքն մինչեւ Հայաստանի սահման:
Նշենք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի հետ սահմանը տանող ճանապարհի վերանորոգման խնդրով հանդես եկավ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Ահմեդ Արսլանը, ընդգծելով, որ այդ աշխատանքները դեռ չեն ենթադրում Հայաստանի հետ սահմանի բացում, քանի որ մի շարք հարցեր շարունակում են չլուծված մնալ:




























