Այս տարի արդեն 10-րդ անգամ Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված եւ սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից Օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, թե Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ, այս օգոստոսի 30-ին քաղաքամայր Երեւանի համար ամենից խորհրդանշական վայրում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երեւանի հիմնադրմանը ժամանակակից մեկ այլ քաղաքի` հավերժական քաղաք Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Ցուցահանդեսը, որը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը, ներկայացնում է դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից այս տարի առաջարկված «Ժառանգության ժառանգները» խորագրի համատեքստում`ցուցահանդեսը հասցեագրված է Երեւանի ժառանգներին` հիշեցնելով պատմական քաղաքի բնակիչ լինելու յուրաքանչյուրիս պարտավորությունը: Այն մտածված է որպես Եվրոպայի գանձարան համարվող քաղաքով շրջայց` լուսանկարների միջոցով: Ցուցահանդեսի սկիզբը եւ ավարտը կխորհրդանշեն 2 պատկերազարդ պաստառներ` ներկայացնելով խաչվող հայացք Հռոմից Երեւան: Ցուցահանդեսը Հռոմի եւ Հռոմից 29 տարով ավելի հին քաղաքի` Էրեբունիի հիմնադրման պատմությունները համադրելու եւ քաղաքամայր Երեւանի բնօրրանի մշակութային նշանակության եւ պահպանության շուրջ մտորելու այցելուին ընձեռված մի նոր հնարավորություն է:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013թ. օգոստոսի 30-ին, ժամը 13:00-ին: Այն կգործի մինչեւ 2013թ. հոկտեմբերի 30-ը:





























