Երեւանի ներկայիս ճարտարապետները շինարարական էկոլոգիայի մասին պատկերացում չունեն: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողներին է հայտնել բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարությանը կից Ճարտարապետական խորհրդի ստեղծման նախագիծը: Նրա կարծիքով, հենց դրանով է պայմանավորված սեյսմիկ եւ շինարարական նորմերի խախտումը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է ոչ միայն քաղաքի կերպարը, այլեւ կտրուկ փոխվել է երեւանցիների կյանքի որակը:
«Եթե հանուն գումարի եւ բոլոր կանոններին հակառակ՝ դպրոցի հարեւանությամբ եկամտաբեր շինություն են կառուցում, որը վաղը կարող է փլուզվել, դրա մեղավորը ճարտարապետն է, որը ոչինչ չի սովորել եւ գումարի դիմաց պատրաստ է մոռանալ, որ իրեն է վստահվել մայրաքաղաքի կառուցապատումը»,-հայտարարել է Դանիելյանը:
Նրա կարծիքով՝ խորհրդի ստեղծմամբ նման պրակտիկան կարող է տարածվել Հայաստանի նաեւ մյուս քաղաքներում: «Այդ կառույցը կլինի հերթական նախագիծը, որը կծառայի օլիգարխների շահերին»,-հավելել է նա:





























