Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է՝ հայտնաբերել եւ այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես եւ հայտնաբերել, բացահայտել եւ կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձեւով կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչություններում ստեղծվել են օպերատիվ շտաբներ,  որոնց պատասխանատուներ են նշանակվել ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության ծառայողները եւ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվել մարզեր:

Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների եւ ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան կարճ ժամանակում ցանկալի արդյունքներ արձանագրել:

«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 19-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի շուրջ 60 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 60 դեպք, առգրավվել է մոտ 3 կգ «մարիխուանա», ավելի քան 1,5 կգ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցի զանգված, 43.5 գրամ «ափիոն» եւ հոգեմետ 24 դեղամիջոց:

Տնամերձ 121 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ ապօրինի աճեցված ու մշակված ավելի քան  երկուս ու կես տոննա կանեփի թփեր:

Բացի ապօրինի թմրամիջոցներից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 5 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 410 փամփուշտ, 4 նռնակ եւ 5 միավոր սառը զենք:

Նշված բոլոր փաստերով նախապատրաստվում են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով: