«Անգելի կոմպլեքս» ՍՊԸ-ին պատկանող «Շանսոն» ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ հյուրերից 20 հոգի թունավորման մեջ մեղադրվող մենեջերին դատապարտել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Քննելով գործը դատարանը վճռել է Նորայր  Ղազարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում եւ նրան դատապարտել ազատազրկման 1  տարի ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Նորայր  Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1  տարի ժամկետով: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Ն. Ղազարյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Շանսոն» ռեստորանային համալիրի մենեջեր, պատշաճ կարգով չի ապահովել սանիտարա-հակահամաճարակային կանոնների պահպանումը: Մասնավորապես, նա չի ձեռնարկել սննդամթերքի արտադրության եւ պահպանման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների եւ գործիքների մաքրման եւ ախտահանման միջոցներ, խախտել է սննդամթերքի պատրաստման մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցներում հիգիենիկ պատշաճ գործելակերպի իրականացումը, խաչաձեւ ախտոտումից պաշտպանումը, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներն ապահովելու եւ վերահսկելու նպատակով չի ապահովել համապատասխան չափիչ եւ ստուգիչ սարքերով: Այդ ամենի հետեւանքով պատրաստված եւ մատուցված սննդամթերքում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ոսկեգույն ստաֆիլակոկի, աղիքային ցուպիկի խմբի եւ բացիլուս ցերեուս տեսակի մանրէների տարածման ու զարգացման համար: «Շանսոն» ռեստորանային համալիրում  տեղի ունեցած հարսանյաց հանդիսության մասնակիցներից 20 հոգի թունավորվել էր, իսկ թունավորված հյուրերից Էվելինա Օսիպովայի առողջությանը կյանքին վտանգ սպառնացող վնաս էր պատճառվել: