Օգոստոսի 19-ից մեկնարկել է Բյուրականի թվով 4-րդ ամառային դպրոցը, որը կշարունակվի մինչեւ օգոստոսի 23-ը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից:
Այս անգամ ավելի ընդլայնված ամառային դպրոցին մասնակցում են 42 ուսանողներ, որոնցից 12-ը ներգրավվել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետից: Մասնակիցների մյուս մասը ներկայացնում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների, ռոմանագերմանական բանասիրության, արեւելագիտության ու ժուռնալիստիկայի ֆակուլտետները, Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը եւ Տուրիզմի հայկական ինստիտուտը:
Ամառային դպրոցի մասնակիցները կլսեն Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանի, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյանի ու երիտասարդ աստղագետներ Հայկ Աբրահամյանի եւ Գոհար Հարությունյանի դասախոսությունները:
Բյուրականի ամառային դպրոցի կազմկոմիտեի քարտուղար Գոհար Հարությունյանի խոսքով՝ ամառային դպրոցին զուգահեռաբար անցկացվում է նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ակադ. Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված ՄԱՄ պաշտոնական գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցող ուսանողների նախապատրաստական պարապմունքները. Ամառային դպրոցի ծրագիրը հագեցված է Վիկտոր Համբարձումյանի եւ Բյուրականի աստղադիտարանի, Արեգակնային համակարգի, աստղերի, միգամածությունների, գալակտիկաների, տեսական աստղաֆիզիկայի եղանակների, աստղագիտական գործիքների եւ դիտողական եղանակների մասին դասախոսություններով: Գործնական պարապմունքները նվիրված են լինելու աստղագիտական տվյալների շտեմարանների կիրառմանը, աստղագիտական պատկերների եւ սպեկտրների մշակման եւ վերլուծության ծրագրային համակարգերին եւ այլն: Բացի այդ լինելու են գիշերային դիտումներ, ինտելեկտուալ խաղեր, աստղագիտական մրցույթ, մարզական խաղեր, էքսկուրսիաներ եւ այլ միջոցառումներ:





























