Երեւանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում Երեւան այցելած երեխաներին ընտանիքներում հյուրընկալելու նպատակով ըստ վարչական շրջանների ներկայացրել է 243 հյուրընկալ ընտանիքների հայտ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե առ այսօր երեւանաբնակ 150 ընտանիքներում հյուրընկալվել է 167 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգօստոսի 31-ը եւս 44 ընտանիք կհյուրընկալի սփյուռքահայ երեխաների:
Բացի այդ, քաղաքապետարանի կողմից Շահումյանի անվան հ. 1 դպրոցում ապահովել են համապատասխան պայմաններ «Արի տուն» ծրագրով հայրենիքում գտնվող երիտասարդների հետ հայոց լեզվի եւ հայրենագիտության համակցված դասընթացների անցկացման համար:
Ծրագրի ավարտին Երեւանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ սահմանելու են «Լավագույն ընտանիք», «Լավագույն վարչական շրջան» անվանակարգերը:





























