Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեւիդ Ռեդաուեյն այցելել է Կեսարիայի (ներկայում՝ Կայսերի-խմբ) հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ։

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեւիդ Ռեդաուեյը Նեւշեհիրի մի շարք հոգեւոր կառույցներ այցելելուց հետո այցելել է Կայսերիի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Հայկական եկեղեցում դեսպանը տեղեկություններ է ստացել եկեղեցու մասին, մոմ վառել եւ գումար նվիրաբերել եկեղեցու հիմնադրամին։

Դեսպանը նշել է, թե երկու հասարակությունների պատմության մեջ մի շարք դժվարություններ են եղել պատմության մեջ, եւ երկու երկրների միջեւ բանակցությունները կարող են լուծում բերել։

Նշենք, որ եկեղեցու կառուցման տարեթիվը 1191 թվականն է համարվում, սակայն որոշ պնդումների համաձայն, եկեղեցին ունի ավելի հին պատմություն եւ այնտեղ է 4-րդ դարի սկզբում ձեռնադրվել Գրիգոր Պարթեւը` դառնալով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք ընդունած հայ առաջին հայրապետը: Եկեղեցին բազմաթիվ վերանորոգումների է ենթարկվել: Դրանցից են` 1859-ին, 1885-ին, 1996-ին եւ 2009-ին իրականացված վերոնորոգումները: Եկեղեցուն կից 1868-ին հիմնվել է Գյումուշյան վարժարանը, որն այսօր ավերակ վիճակում է: