Երեւան-Սեւան ավտոճանապարին՝ Ավազի հանքի մոտակայքում, օգոստոսի 19-ին 267 համարի երթուղայինի կողաշրջվելու հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից մի քանիսը արդեն դուրս են գրվել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դուրս են գրվել իրենց մոտ տեղափոխված երկու երեխաները, երկուական հիվանդ Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են Նյարդավիրաբուժության եւ Կրծքային վիրաբուժության բաժանմունքներ: Այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքումէ գտնվում ընդամենը մեկ տուժած` 53-ամյա Լուսյա Մակեդոնի Բաղդասարյանը, նա ունի կողերի կոտրվածք, պատռվել էր փայծաղը, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Վթարի հետեւանքով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված մայրն ու որդին եւս շարունակում են մնալ Վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցից հայտնեցին, որ մոր վիճակը համեմատաբար ավելի լավ է, քան որդունը: Վթարի հետեւանքով մեկ տուժած էլ գտնվում է  Աբովյանի հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին`  երեկոյան, Կոտայքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։  Ford Transit մարդատար մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի ու կողաշրջվել: Վթարի հետեւանքով մահացել էր 3  հոգի, վիրավորվել 13-ը;

Մահացածներից երկու ամուսիններ են: Մեքենայում եղել է  5 ընտանիք, այդ թվում` 5 երեխա: Վիրավոր անձինք գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներում, ինչպես նաեւ Աբովյանի հիվանդանոցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: