ՀՀ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին» օրենքը հապճեպ չի ընդունվել, այն երկարատեւ քննրակումների փուլեր է անցել ինչպես ՀԿ-ների, այնպես էլ իրավաբանական կառույցների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

 «Կարծում եմ, որ օրենքի ընդունման կապակցությամբ ծավալված աղմուկն անտեղի է: Եթե խնդիրներ կան, կարող ենք քննարկել առաջարկներն ու հետագայում համապատասխան որոշում կայացնել»,-հավելել է պատգամավորը, ընդգծելով, որ որեւէ օրենք դոգմատիկ չի համարվում:

Անդրադառնալով օրենքի 3-րդ հոդվածին, Աճեմյանն ընդգծել է. «Այդ կապակցությամբ մենք ժամանակին խնդիրներ չենք տեսել: Եթե ներկայումս որեւէ խնդիր կա, կարծում եմ, որ օրենքը հնարավոր կլինի փոփոխել կամ ուղղումներ մտցնել»:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արտակ Դավթյանը ընդգծել է, որ Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին» օրենքը դիտարկվել է մարդու իրավունքների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի կողմից: Նրա համոզմամբ, նման նախաձեռնությունները ոչնչացնում են մարդու կատարելության ձգտումները:

Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանի խորհրդարանը օրինագիծ էր ընդունել տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունների եւ իրավունքների մասին: Օրինագծի երրորդ հոդվածը սոցիալական կայքերում եւ հասարակության շրջանում բուռն քննարկումների առարկա էր դարձել: