Սեպտեմբերի 29-ին Լիճք գյուղում նշանադրության ժամանակ փեսացուի մահվանից մոտ մեկ տարի անց 19-ամյա աղջիկը նոր փորձում է  կրկին ինտեգրվել հասարակությանը: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Լիճք  գյուղապետ Հովհաննես Միրզոյանը:

Նա փոխանցեց, որ աղջիկը արդեն ավարտել է համալսարանը եւ դեռ աշխատանք չունի: Նա նաեւ դեռ չի ամուսնացել, ավելին` նոր-նոր կրկին փորձում է վերադառնալ հասարակություն: «Մի քանի օր առաջ գյուղում փոքր երեխաները միջոցառում էին կազմակերպել դեպքից հետո առաջին անգամ մասնակցեց նման միջոցառման: Այդ պատմությունից հետո դեռ մենք ուշքի չենք գալիս խեղճ աղջիկը ինչպես ուշքի գա: Նման բան, ոչ տեսել էինք, ոչ լսել»,- ավելացրեց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012թ-ի սեպտեմբերի 29-ին Լիճք գյուղում նշանադրության ժամանակ մահացել է փեսան: NEWS.am-ի աղբյուրները հայտնել էր, որ Մեղրիի բնակիչ` Վոլոդյա անունով 26-ամյա մի երիտասարդ մահացել է նշանադրության արարողության ժամանակ, մատանին դնելուց անմիջապես հետո` պարելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Լիճք գյուղում, որը 18-ամյա հարսի բնակավայրն է: Պարելու ժամանակ երիտասարդը ասել էր, թե լավ չի զգում, սփրթնել է եւ ընկել: Նախնական տվյալներով` նա մահացել էր սրտամկանի սուր կաթվածից: NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին, որ տղան սահմանապահ զորքերի զինծառայող էր: Նա ուներ մեկ քույր, իսկ ապագա կինը` երեք քույր: Խնամիանալ պատրատստվող երկու ընտանիքներն էլ միջին կարողությունների տեր են, ինչպես համագյուղացիներն են ասում, նորմալ մարդիկ էին: Ասում էին` երիտասարդը առողջական խնդիրներ չի ունեցել: