Հայաստանի գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2012 թվականի ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Ըստ այդմ պարզվել է, որ 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445 հազար 23, որից 338 հազար 655-ը մարդատար, ապա 2013թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 483 հազար 614 ավտոմեքենա, որից 388 հազար 43-ը մարդատար: Այսինքն մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49 հազար388-ով: Ընդ որում, 2010թ.-ի հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աճել է 67 հազար 962-ով (388 հազար 43-320 հազար 81):
2012թ.-ին հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոչ միշտ է ապահովվում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի քննության պատշաճ որակը:
Մասնավորապես, որոշ դեպքերում կատարվում է մակերեսային քննություն. քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիններն անհրաժեշտ հետեւողականություն չեն դրսեւորում, ինչը հանգեցնում է նշված հանցագործությունների բացահայտման բացասական հեռանկարի ձեւավորմանը:
Բացի այդ, պարզվել է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների ժամանակ կիրառվում են ժամանակի պահանջներին ակնհայտորեն հակասող փորձագիտական մեթոդները:




























