Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների, բնակիչների պայքարի շնորհիվ շինարարությունը այս պահի դրությամբ ընդհատված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նա նշեց, որ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ լուրջ եւ թեժ, մեծաթիվ ոստիկանական ուժեր են տարածքում, կան նաեւ մի քանի ակտիվիստներ, որոնք հսկողություն են իրականացնում:
Տիգրան Խզմալյանն մեզ հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Կոմիտաս 5 էր այցելել Արաբկիրի թաղապետ Հրայր Անոտյանը, բարձրաստիճան սպաներ ոստիկանության Կենտրոնականի բաժնից: Տիգրան Խզմալյանն ասաց, որ ինքը խոսել է թաղապետ Անտոնյանի հետ. «Նա դեմագոգիկ հայտարարություններով փորձում էր մարդկանց հերթական անգամ խաբել եւ հանգստացնել, բայց բնակիչները ասացին, որ այլեւս չեն հավատում խոստումներին եւ թույլ չեն տա 3-5 հարկանի շենքերի հարեւանությամբ իրականացվի բարձրահարկ շինարարություն»,- ասաց կինոռեժիսորը
Նշենք, որ Կոմիտաս 5 հասցեում պատրաստվում են կառուցել 10 հարկանի նորակառույց շենք, որը լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվել է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, երբեմն նաեւ նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով:





























