Հայաստանում մշակվում է ոչ թե Եվրոպական միությունում, այլ` Եվրամիության հետ, ոչ թե Մաքսային միությունում, այլ` Մաքսային միության հետ բանաձեւը: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա` Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բավական մեծ է: «Մեր երկիրը պատշաճ կերպով գնում է ԵՄ «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսյան գագաթաժողով: Սակայն Հայաստանում այդ համաձայնագրի նշանակությունը չափազանցվում է», - նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը` հիշեցնելով, որ տվյալ գործընթացը սկսվել է 2010թ.-ից եւ կշարունակվի նախաստորագրումից հետո: Նա ընդգծել է, որ սա միայն ճանապարհ է, եւ Վիլնյուսը դրա վերջը չէ: «Վիլնյուսը Հայաստանի կողմից ապրանքների եւ ծառայությունների եվրոպական ոլորտ մտնելու քայլերից մեկն է: Մենք Եվրամիություն չենք մտնում, մենք Մաքսային միություն չենք մտնում», - ամփոփել է քաղաքագետը:
Նշենք, որ նոյեմբերի 28-29-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողով, որի ընթացքում նախատեսվում է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:





























