Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ինքնառաջադրված, անկուսակցական Պավլիկ Սարգսյանը դուրս է մնացել ընտրապայքարից:

NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ այսօր լրացավ նրա` ընտրագրավը վճարելու համար հատկացված 48 ժամը, այդ ընթացքում Պավլիկ Սարգսյանը չի վճարել ընտրագրավը, հետեւաբար ԿԸՀ նիստով որոշում կկայացվի նրա թեկնածության գրանցումը մերժելու մասին:

Այսպիսով, այս պահի դրությամբ թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին պատգամավորի մանդատի համար կպայքարի 3 թեկնածու` Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը`  ինքնաառաջադրման կարգով, Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը`  առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից:

Հիշեցնենք, որ գործազուրկ, թոշակառու Պավլիկ Սարգսյանը իր թեկնածությունը առաջադրել էր նաեւ նախագահական ընտրություններին, սակայն ընտրապայքարից դուրս էր մնացել, քանի որ չէր կարողացել վճարել ընտրագրավը: Նա ընտրագրավը վճարելու մասին օրենսդրական դրույթը համարում է հակասահմանադրական, այդ խնդրով դիմել է Վարչական դատարան, ինչպես նաեւ նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պավլիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր,թե  տարբեր անհատների կողմից առաջարկություններ են եղել վճարելու իր ընտրագավը, քարոզարշավի ծախսերը, սակայն ինքը հրաժարվել է, չի ընդունել այդ օգնության առաջարկը, քանի որ «սկզբունքի հարց է, չի կարող ոտնատակ անել Սահմանադրությունը, եւ իր ընտրագրավը պետք է վճարի Կառավարությունը»: «Բա՞ հարգանքը իմ անձնական կարծիքի նկատմամբ, բա՞ սահմանադրության նկատմամբ,եթե անեմ այդ քայլը,  ես նրանցից չեմ տարբերվի, ես ուզում եմ լինել ազատ երկրի ազատ քաղաքացի»,-իրեն առաջարկվող օգնությունից հրաժարվելը այսպես էր մեկնաբանել Պավլիկ Սարգսյանը: