Հատուկ քննչական ծառայությունը օրերս հետ է ուղարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ` քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նա նշեց, որ նյութերի նախապատրաստումը շարունակելու նպատակով դրանք, ըստ քննչական ենթակայության, վերադարձվել են Ոստիկանության քննչական մարմիններին, քանի որ  քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար հիմքեր ձեռք չեն բերվել պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից  դիմումատուի հասցեին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, նույն ինքը` «Բուռնաշի» դեմ` նշելով վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: Աշոտ Աղաբաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Լիանա Շահբազյանի հայտարարություններով թող զբաղվեն իրավապահները, «եթե ես ինչ-որ մեկին սպառնացել եմ, դրա համար կա օրենք, դատարան»: