Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2013-2014 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կրթության եւ գիտության նախարարությունից: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 24-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական եւ մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով, հանրապետության մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում կանցկացվեն ուսուցիչների եւ տնօրենների խորհրդակցություններ:
Հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու եւ առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության եւ գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը եւ կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 26-ին կմասնակցի Սյունիքի, իսկ 28 -ին Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների խորհրդակցությանը: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության դպրոցների տնօրենների խորհրդակցությունը կանցկացվի օգոստոսի 30-ին: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կազմավորվել է երեք խումբ՝ կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ:





























