Երեւանում մտածում են Ռուսաստանի ԴՄԾ «Հայրենակիցներ» ծրագիրը դադարեցնելու մասին՝ բնակչության արտահոսքը կանխելու նպատակով: Սակայն հայերը մեկնում են ոչ միայն Ռուսաստան. Նրանք սկսել են յուրացնել նաեւ Վրաստանի բիզնես-տարածությունը: Աս մասին ասվում է «Ռոսբալթ» կայքում տեղադրված «Ո՞ւր են փախչում հայերը» հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու պատճառով՝ Հայաստանում ապրելը շատ դժվար է: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ մարդիկ բողոքում են հասարակության ծայրահեղ բեւեռացվածությունից, քանի որ կան ծայրահեղ աղքատներ ու ծայրահեղ հարուստներ, իսկ միջին դասն աստիճանաբար լքում է երկիրը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ անկախ փորձագետների տվյալներով՝ վերջին 4 տարվա ընթացքում 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանից հեռացել է 320 հազար մարդ, ինչը նման քիչ բնակչություն ունեցող երկրի համար բավականին մեծ թիվ է: Նա ընդգծել է, որ հայերը հիմնականում մեկնում են Ռուսաստան: Այնտեղ նրանց թիվն արդեն մոտ 2,5-2,7 մլն է: 

Հայաստանի տնտեսական ակտիվությունը հիմնականում պայմանավորված է առեւտրով եւ ծառայություններով, իսկ արտադրությունը փոքր ծաալներով է իրականացվում: Այստեղ ներդրումներ շատ քիչ են արվում, ինչը պայմանավորված է արտաքին անվտանգության ցածր մակարդակով. խնդիրը ոչ միայն Ադրբեջանն է, այլեւ տարածաշրջանային իրավիճակը՝ կապված Սիրիայի եւ Իրանի հետ: