Կառավարության որոշմամբ՝ 2013-14 ուսումնական տարվանից սկսած' ՀՀ-ում գործելու է նոր սոցիալական ծրագիր, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվելու պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին։

Ծրագրից կարող են օգտվել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։ Վարկերը տրվում են 10 տարի ժամկետով, որից ուսման ընթացքում մարվելու են միայն տոկոսները, իսկ մայր գումարը եւ մնացած տոկոսները՝ ավարտելուց հետո։ Վարկը տրամադրվելու է 12%-ով, որից պետությունը սուբսիդավորելու է 2%-ը, գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար' 3 %-ը: Ընդ որում, վարկեր տրամադրվելու են միայն ծնողների երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվանից բուհերում ուսման վճարները թանկացել են միջինը 15 %-ով:

Օրինակ, եթե ԵՊՏՀ տնտեսագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողը որոշի օգտվել այս ծրագրից, ապա որքա՞ն կկազմի նրա տարեկան վճարը ուսման ընթացքում, դրանից հետո եւ որքան կլինի նրա կրթության ընդհանուր արժեքը։

Տնտեսագիտության ֆակուլտետում ուսման վարձը 600 հազար դրամ է, իսկ կառավարության որոշմամբ, ուսանողին տրամադրվում է տարեկան առավելագույնը 450 հազար դրամ վարկ, այսինքն՝ այսպես թե այնպես, վարձի 150 հազար դրամը վճարելու է ուսանողը:

Այսպիսով՝ առաջին տարին ուսանողը վճարելու է 25,650 դրամ։ Ամսական կտրվածքով սա մեծ գումար չէ, բայց հաջորդ տարի այս գումարը կրկնակապատկվում է, քանի որ վարկին ավելանում է երկրորդ տարվա ուսման վարձը։ Այսինքն երկրորդ տարին ուսանողը վճարելու է 51,300 դրամ, երրորդ տարին' 76,950 դրամ և չորրորդ տարին' 102,600 դրամ, ընդամենը' 25,6500 դրամ:

Դրանից հետո, արդեն դիպլոմ ստացած ուսանողը պարտավոր է մարել տոկոսադրույքները և մայր գումարը հավասարաչափ: Այսպիսով՝ ուսումնառության 4 տարիներին հաջորդող 6 տարվա ընթացքում երիտասարդ մասնագետը ամեն տարի վճարելու է 300 հազար դրամ՝ մայր գումարից (ամսական 25,000 դրամ) եւ տոկոսը՝ մնացած մայր գումարի հաշվարկով:

Ուսանողը կարող է նաեւ վարկը մարել ժամկետից շուտ, եթե, իհարկե, բախտը բերի եւ գործատուները աշխատանք տան հայաստանյան բուհն ավարտած նորավարտ ու անփորձ մասնագետին։

Այսպիսով, ԵՊՏՀ բակալավրիատն ավարտելու համար ուսանողը սովորելու ընթացքում վերցնում է 1,800,000 դրամ վարկ, արդյունքում վճարում է 2,672,100 դրամ, որին գումարվում է տարեկան 150,000 դրամը, որը վարկով չի տրամադրվում եւ սովորելու ընթացքում վճարում է ուսանողը։ Ընդհանուր ուսման ծախսն այսպիսով կազմում է 3,272,100 դրամ։ Առանց վարկի սովորելու դեպքում նա կվճարեր 2,400,000 դրամ՝ այսինքն 872,100 դրամ ավելի քիչ։

Պայմանական ուսանողի ուսման վարկի մարման գրաֆիկը (10 տարվա համար)

Տարի 

Տրամադրվող  վարկ 

Տարեկան մարումը 

Ամսական մարումը

1

450,000դրամ

25,650 դրամ (միայն %)

2137,5

2

450,000դրամ

51,300 դրամ

4275 դրամ

3

450,000դրամ

76,950 դրամ

6412,5 դրամ

4

450,000դրամ

102,600 դրամ

8550 դրամ

5

-

402,600 դրամ(%+մայր գումար)

33,550 դրամ

6

-

402,600 դրամ

33,550 դրամ

7

-

402,600 դրամ

33,550 դրամ

8

-

402,600 դրամ

33,550 դրամ

9

-

402,600 դրամ

33,550 դրամ

Անի Բարսեղյան