Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իրեն բնորոշ ոճով շտապել է մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին կատարված միջադեպը:

Մեկնաբանությունները հայկական «գող` սիրտը դող» ասացվածքի ոգով են ստացվել:

Հիշեցնենք, այսօր հայ-ադրբեջանական սահմանին կատարված միջադեպի արդյունքում մեկ հայ զինծառայող զոհվել, մեկն էլ վիրավորվել է: Դեպքը կատարվել է մարտական հենակետում: Հայաստանի ՊՆ-ն առայժմ սահմանափակվել է միջադեպի մասին հաղորդագրությամբ: Հայ զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական մեղադրանք չի հնչեցվել: Օգոստոսի 23-ին ժ.11:00- 11:30-ն ընկած ժամանակահատվածում հենակետում  հրազենային վնասվածքով հայտնաբերվել էին շարքային Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է ձեռքերը լվանալ կատարվածից: Այդ մասին հաղորդագրություն է տարածվել:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  հայտարարում է, որ դա ապատեղեկատվություն է, որի օգնությամբ Հայաստանը  փորձում է թաքցնել ճշմարտությունը:  Սակայն, ըստ ճշտված տեղեկության, հայերը հին միջոցների են դիմում` այսօր առավոտյան հայ զինծառայողների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության փաստը թաքցնելու համար: Կորուստների նշված թիվը չի արտացոլում իրականությունը: Հայտնի է դարձել, որ հայ զինվորների միջեւ  զինված բախման ընթացքում վախճանվել է մի քանի մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են», - ասված է հաղորդագրության մեջ:

Այդպիսով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, երկար չմտածելով,  հանդես է գալիս մեղադրանքներով եւ արդարացումներով: