ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երեւան–Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Առողաջապահության նախարարությունից: Ավտոբուսի 18 ուղեւորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։ Դերենիկ Դումանյանը մեկ առ մեկ զրուցել է կենտրոնում գտնվող տուժածների հետ։ Մասնագետները նախարարին ներկայացրել են յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները, ցուցաբերվող բժշկական օգնությունը, քննարկել հետագա բուժման տակտիկան։ Նաեւ զեկուցել են, որ կենտրոնն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով եւ լուծույթներով։
Նախարարությունից հայտնեցին, որ վթարի մասին լուրն իմանալուն պես նախարար Դումանյանը հանձնարարել էր մոբիլիզացնել Դիլիջանի, Իջեւանի եւ Երեւանի շտապօգնության մասնագիտական բրիգադներին` բազմակի վնասվածքներ ունեցող, ծանր եւ միջին ծանրության տուժածների տեղափոխումը Երեւանի երրորդ մակարդակի հիվանդանոցներ կազմակերպելու նպատակով։ Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Տուժածներից եւս 2-ը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ եւ բժշկական միջամտություններ։ Մեկ տուժած Երեւան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից եւ տուն գնացել։
Նշենք, որ աս պահին Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է ապաքինվել չորս տուժած։ 4-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մեկը տեղափոխվել է Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկա` ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։ Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։





























