Հայաստանի քաղաքական եւ հասարակական շարժումները պետք է միավորվեն հանուն երկրի ապագայի եւ արմատական փոփոխությունների համար: Այդ մասին Ազատության հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շնորհավորելով հավաքվածներին Հայաստանի Անկախության հռչակագրի  օրվա կապակցությամբ:

Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հիշատակը: Հովհաննիսյանը նշել է, որ ողջ երկիրը՝ շարքային քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտեն, որ իշխանությունը բռնազավթված է, եւ դա հանգեցրել է Հայաստանի կապվածության այլ երկրներից: Նա նշել է, թե դրա վկայությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն էր, նաեւ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե մտադիր է Թյուրքալեզու պետությունների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Լեռնային Ղարաբաղում:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ միասին երդում են տվել Ազատության հրապարակում պայքարել Հայաստանում արդարության վերականգնման համար: «Պայքարը շարունակվում է, սակայն դուք պետք է գիտակցեք, որ մի մարդը չի կարող պայքար տանել, անհրաժեշտ է միավորվել: Միավորվելով՝ մենք երկրում նոր անկախություն կհիմնենք»,- ասել է նա:

Այժմ ելույթ են ունենում Հովհաննիսյանի կողմնակիցները, իսկ նա խոստացել է ավելի ուշ կոնկրետ քայլեր ներկայացնել: