Սյունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցը աշխատանքից ազատման դիմում գրել է օգոստոսի 22-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նրանց փոխանցմամբ` մարզպետի տեղակալը օգոստոսի 22-ին աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել է վարչապետին, սակայն վարչապետի որոշումը դեռ չկա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե Սյունիքի մարզպետի այլեւս նախկին տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Ի դեպ, Արա Դոլունցը դեռեւս մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու ժամանակվանից չի պատասխանում հեռախոսազանգերին, այժմ էլ շարունակում է նույն գործելաոճը:
Հիշեցնենք, որ նա երկար տարիներ աշխատել է Լիսկայի ձեռքի տակ եւ, ըստ լավատեղյակների, եղել է նրա կամակատարը: Գորիսի դժբախտ դեպքերից հետո, երբ Դոլունցին նշանակեցին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիսկան բոլոր ջանքերը գործի էր դրել, որ Դոլունցը նշանակվի Սյունիքի մարզպետ: Այսպիսով, նա անձնական մարզպետ կունենար:
Ըստ ամենայնի՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի վստահել Դոլունցին, եւ վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը:





























