Հայաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում է, թե ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից:

«Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջեւանյան հատվածը եւ «հիշեցնել» նախիջեւանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը եւ նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարեւորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը եւ կիրառումը, եւ կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնելիս զոհված Նորայր Արարատի Պետրոսյանի ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին, իսկ Արթուր Ասոյանին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշվում է ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: