Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին «Ալ Քաիդային» մեղադրել է պատմության ընթացքը փոխելու փորձերի համար: Ըստ նրա` հենց դա է պատճառ դարձել երկրում արտասահմանյան շատ դեսպանատների փակման համար:

Նախագահը նաեւ խոստացել է գտնել «Ալ Քաիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին եւ ուղարկել ապուպապերի մոտ, հայտնում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ դիվանագիտական առաքելությունների փակման պատճառ է դարձել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Այման ազ Զավահիրիի եւ «Ալ Քաիդայի» եմենյան բջջի ղեկավար Նասեր ալ Վուհայշիի զրույցի գաղտնալսումից հետո:

Աբդ Մանսուր Հադին պատմել է, որ հուլիսի 29-ին կայացած զրույցը լսելուց հետո Եմենի անվտանգության ուժերը երկրի տարածքում երկու ահաբեկչություն են կանխել: «Ալ Քաիդայի» գրոհայինները մտադրվել էին յոթական տոննա պայթուցիկ պարունակող երկու մեքենա պայթեցնել. ահաբեկչություններից մեկը պետք է կատարվեր Եմենի հարավարեւելյան հատվածի նավթամշակման գործարանում, երկրորդը` մայրաքաղաք Սանայում:

Եմենի նախագահը հայտնել է, որ կատարվածը «վախեցրել է» ամերիկացիներին, գրում է lenta.ru-ն:

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ին հայտարարել էր Մերձավոր Արեւելքում 19 դիվանագիտական առաքելությունների աշխատանքը դադարեցնելու մասին: Եմենում ԱՄՆ-ի դեսպանատունը միայն օգոստոսի 18-ից էր վերսկսել աշխատանքը: