Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպում է ունեցել բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարությունից:
Նկատի ունենալով, որ ուսանողներին հուզող ամենահրատապ խնդիրը բուհերում ուսման վարձավճարների բարձրացմանն է վերաբերում, նախարարը նախ ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրերը, որոնք նպատակ ունեն սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների համար հստակ երաշխիքներ ապահովել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ արդեն պատրաստ է եւ առաջիկայում հաստատման կներկայացվի ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ ամրագրվում է, որ բուհերն իրենց բյուջեների առնվազն 7 տոկոսը պարտավոր են ուղղել ուսանողական զեղչերին: Սոցիալական աջակցությունը մրցակցային հիմունքներով պետք է հասանելի լինի ուսանողների առնվազն 10 տոկոսին: Ընդ որում, հստակ նշվում են նաեւ այն սոցիալական խմբերը, որոնք կարող են օգտվել զեղչերից, ամրագրվում է նաեւ հատկացվող աջակցության չափը: Նախարարը ներկայացրել է համեմատական տվյալներ եւ նշել, որ գործող օրենքով բուհերը ուսանողական զեղչերի համար հատկացնում են իրենց բյուջեների 2-5 տոկոսը, որոշ բուհերում այդ ցուցանիշն ավելի ցածր է: Շրջանառության մեջ դրված օրինագծով՝ ընդլայնվում է նաեւ սոցիալական խմբերի թիվը. «Պետությունն իր վրա է վերցնում եւ անվճար կրթություն է ապահովում հաշմանդամ ուսանողների համար, անապահովության «Փարոս» համակարգում ընդգրկված երեխաների համար կսահմանվի 50-100 տոկոս, մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները կօգտվեն 50 տոկոս զեղչից, երեք եւ ավելի ուսանող ունեցող ընտանիքի երեխաները՝ 30 տոկոս զեղչից, զեղչեր են նախատեսված նաեւ ծնողազուրկ երեխաների համար եւ այլն: Բուհերը կարող են նաեւ, բացի այս խմբերից, իրենց կողմից եւս սահմանել լրացուցիչ արտոնություններ»,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ նշված արտոնությունները վերաբերելու են բացառապես լավ սովորող ուսանողներին: Ընդգծելով, որ որեւէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չի զրկվելու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից` ՀՀ ԿԳ նախարարը ամփոփելով նշել է, որ պետության ձեռնարկած քայլերի արդյունքում ուսանողների սոցիալական կարիքների համար ծախսվող միջոցները իրենց ծավալով ավելի մեծ են լինելու, քան այլ հավելյալ գումարները, որոնք վարձավճարների բարձրացման պատճառով գանձվելու են ուսանողներից: ԿԳ նախարարի խոսքով՝ միաժամանակ կառավարությունը մտադիր է լավագույն ուսանողների համար կրթաթոշակ սահմանել, որը կհատկացվի 7 անվանակարգերում: Առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսանողներին կհատկացվի 150 հազարից 550 հազար դրամ միանվագ կրթաթոշակ: Միաժամանակ պետությունը մտադիր է ավելացնել պետական պատվերով տեղերը` պետության համար գերակա նշանակության մասնագիտությունների եւ բանակից զորացրվածների համար:





























