Կոմիտաս 5 հասցեում իրավիճակը շարունակում է մնալ լարված, ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ակտիվիստների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ «Նախախորհրդարանի» ներկայացուցիչները եւ քաղաքացիական ակտիվիստների խմբերը շուրջ  45 րոպեով փակել էին Կոմիտաս պողոտան, փորձում էին դիմադրել ոստիկանների եւ կարմիր բերետավորների ճնշումներին, ակտիվիստների պահանջն էր դադարեցնել շինարարությունը, որը, հակառակ խոսոտւմների, այսօր առավոտյան վերսկսվել եւ շարունակվում է:

«10 րոպե առաջ ստացանք տեղեկություններ, որ մահակներով եւ վահաններով հատուկ ջոկատ են ուղարկել մեր ուղղությամբ, որոշեցինք բնակիչներին վտանգի չենթարկել, համոզեցինք, որ քաղաքացիները ազատեն մայթը, քանի որ այսպես թե այնպես աշխատանքային օրը ավարտվում է եւ շինարարությունը դադարեցնելու էին: Այս պահին Կոմիտասի պողոտան բաց է»,- ասաց կինոռեժիսորը` հավելելով, որ ինքը չի տեսել ուղարկված հատուկ ջոկատը, քանի որ իրենք այդ տարածքից հեռացել են:

Տիգրան Խզմալյանը նշեց, որ ոստիկանները ձերբակալել են միւ շարք անձանց` 4 կին, որոնցից մեկի անունը հայտնի է` Գայանե Ամիրխանյան, «Նախախորհրդարանի» երեք անդամ` Եղիա Ներսիսյան, Վարդան Հակոբյան, Գեւորգ Սաֆարյան, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստներ:

Նա նաեւ ասաց, որ շինարարությունը Կոմիտաս 5-ում արդեն դադարեցվում է, քանի որ աշխատանքային օրվա ավարտն է, իսկ եթե վաղը նորից վերսկսեն, ապա իրենք կշարունակեն իրենց պայքարը: